Այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց հնչեցրեց Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին։
ՊՆ ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ դեպքն այն պատճառով է տեղի ունեցել, որ արավուսցի հովիվը մոտեցել է դիրքերին, ինչի արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել։
«Այն սահմանը, որը նախատեսված է Խորհրդային միության և ճանաչված անկախ Հայաստանի համար, ամբողջովին պահպանված է։ Կան տեղեր, որտեղ մերոնք 50 մ առաջ են, կան տեղեր, որ հակառակն է։ Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որն ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը։ Այդ հարցից ելնելով՝ դիրքերն առաջ ու հետ են տարվել»,- ասաց Հարությունյանը։
Նախարարի ԺՊ-ի խոսքով՝ փոփոխությունները փոքր քանակ են կազմում և այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ։
Իսկ թե ինչ է արվում նման դեպքերը բացառելու համար, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ միջադեպեր լինում են Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում․․․ 1500 կիլոմետր սահմանի վրա նույնպես հնարավոր են միջադեպեր։ Դա շփման գծի բնականոն կյանքն է, կարևորն այն է, որ չկան զոհեր ու վիրավորներ։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը խնդիրը լուծված է համարում։