ՀՀ Կառավարության որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշումը, որը կապված է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի հետ։
Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից 2017 թ․ ապրիլի 20-ին ընդունված որոշմամբ սահմանվել է կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունը հրապարակելու և ներկայացնելու կարգը, ինչպես նաև հաշվետվության ձևը:
Օրենքով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել է փոփոխություն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում և սահմանվել է, որ կուսակցությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունները ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ըստ այդմ, օրենքով սահմանվել է, որ նշված հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանում է հանձնաժողովը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի անցումային դրույթներում սահմանվել է, որ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնելու են արդեն իսկ փոփոխված կարգով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից ընդունված հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին 2017 թվականի ապրիլի 20-ի որոշումը ուժը կորցրած ճանաչել, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից: