ՀՀ ազգային ժողովը քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ COVID-19 համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։
Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ 2020 թվականի տարեկան զեկույցը ծավալի առումով նախադեպը չունի:
Թաթոյանը հայտարարեց, որ նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար աննախադեպ ծանրաբեռնված ժամանակահատված է եղել։
«Եթե 2015 թվականին միայն դիմումների ու բողոքների թիվը կազմել է 5214, 2016թ-ին՝ 5113, ապա 2020 թվականին միայն դիմումներն ու բողոքները և սեփական նախաձեռնությունները հասել են շուրջ 15 հազարի։ 2015-16թթ-ի համեմատությամբ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը»,- ներկայացրեց նա։
Ըստ ՄԻՊ-ի՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց՝ պատճառաբանելով անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը։
Նա նաև նշեց, որ անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով։
«Բողոքները վերաբերում են անվճար բուժօգնության որակին, խիստ պակաս է իրազեկվածության աստիճանը։ Բողոքները վկայում են, որ անվճար տրամադրվող դեղերը դրական ազդեցություն չեն ունենում։ Մարդիկ պոլիկլինիկաներից չեն ստանում բժշկի նշանակած դեղամիջոցները, այլ՝ հիմնականում դրանց համարժեք փոխարինողները»,- հայտնեց Թաթոյանը։