Մենք բարձր ենք գնահատում մեր փոխգործակցության որակը ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նշենք, որ Այվազյանն ու Լավրովն այսօր հանդիպում են ունեցել։
«Հանդիպման ժամանակ մենք դիտարկել ենք առևտրատնտեսական հարցերի ողջ համալիրը։ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար բիզնես գործընկերն ու ներդրողը, թեպետ նախորդ տարի ապրանքաշրջանառության աննշան նվազում էր արձանագրվել։ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում մենք հույս ունենք վերականգնել մեր տնտեսական կապերի աճի միտումը։ Մենք կարևորեցինք նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում մեր համագործակցությունը»,-ասաց նա։
Լավրովը հայտնեց, որ այսօր ստորագրվել է միջկառավարական հուշագիր, որը վերաբերում է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերին․ «Դրա իրագործումը կօգնի ամրապնդել մեր ընդհանուր կենսաբանական անվտանգությունը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում»։
Սերգեյ Լավրովը հայտնել է, որ քննարկվել են նաև կրթական ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ «Ռուսաստանում սովորում են Հայաստանի շուրջ 5000 քաղաքացիներ, նրանցից 2000-ի՝ ՌԴ պետբյուջեի ֆինանսավորմամբ։ Մոտ 5000 քաղաքացի էլ սովորում Երևանում ռուսական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում և հայ-ռուսական համալսարանում։ Այս համատեքստում նա կարևորել է հունիսի սկզբին Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական երիտասարդական 7-րդ ֆորումը։
Լավրովը նշեց, որ Արա Այվազյանի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մենք չենք նվազեցնում այն ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելուն։ Չենք նվազեցնում նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերը։ Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում կարևոր ներդրում է կատարում եռակողմ աշխատանքային խումբը՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այս աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն կունենա ընդհանուր իրավիճակի կարգավորման և ստեղծարար համագործակցության տեսանկյունից»,-ասաց նա՝ կարևորելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը՝ առաջին հերթին վստահության մթնոլորտի ստեղծմանը նպաստելու համար։
«Ընդհանուր առմամբ, բանակցությունների արդյունքները հերթական անգամ ցույց տվեցին ՌԴ և ՀՀ դաշնակցային, ռազմավարական գործընկերության ամրապնդման ամուր հիմքերն ու դրանց պահպանումը։ Հավատում ենք, որ մեր հարաբերությունները կարևոր գործոն են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար»,-նշեց Լավրովը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը երեկ ժամանել է Հայաստան: Սպասվում է նաև հանդիպում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։