Այսօրվա մեր քննարկված հարցերը լայն շրջանակ ունեն՝ պայմանավորված հայ-ռուսական դաշնակցային ներկա մակարդակով։ Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Անկեղծության և վստահության մթնոլորտում անդրադարձ կատարվեց ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործընկերությանն առնչվող հարցերին։ Իմ կողմից ընդգծվեց նաև կորոնավիրուսի համավարակի հակազդման ուղղությամբ մեր գործընկերությունը խթանելու հայկական կողմի շահագրգռվածության մասին, այդ թվում՝ ռուսական պատվաստանյութի կիրառման միջոցով։ Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը»,-ասաց Արա Այվազյանը՝ հավելելով, որ մանրամասն քննարկել են այն իրավիճակը, որը ձևավորվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։
«Անդրադարձ է կատարվել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունը առանցքային դեր է խաղաղել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում։ Բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ՌԴ ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը։ Ռազմական գործողություններից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց։ Ես ևս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ ԼՂ հարցի կարգավորումը հեռու է կարգավորված լինելուց, և բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ կարգավորման»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել նաև Արցախում հումանիտար խնդիրներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով երեկ ժամանել է Երևան: Սպասվում է հանդիպում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասները՝ տեսնայությում․