«Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա ընտրություններին դաշինքով չի մասնակցելու, այլ՝ որպես առանձին կուսակցություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ն դեռ չի քննարկել, թե ընտրացուցակն ինչ տրամաբանությամբ է կազմվելու, ում են ներգրավելու․ մայիսի 10-ից հետո այս հարցով կզբաղվեն։
Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ցուցակում նոր մարդիկ կլինեն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, սակայն, փակագծեր չբացեց և չպատասխանեց հարցին՝ գործարարներ ցուցակում ընդգրկվելո՞ւ են, թե՞ ոչ։
«Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան», – հավելեց նա։
Մակունցը հիշեցրեց, որ իրենց կարգախոսն է՝ «Ապագա կա»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանի լուծարմամբ երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովը մայիսի 3-ի հատուկ նիստում քվեարկության արդյունքում Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ Վարչապետի ընտրության հաջորդ նիստը նշանակված է մայիսի 10-ին։
Մանրամասները՝ տեսանյութում․