Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունն այնքան լայն է, որ այն կտրուկ ավելացնել պարզապես ֆիզիկապես չի ստացվի։ Այս մասին մայիսի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցին երկկողմ համագործակցության կտրուկ աճի և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունների մասին։
Սերգեյ Լավրովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են մի շարք բանակցություններ անցկացնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Քննարկում է եղել նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված մի շարք կարևոր և հնչեղ միջոցառումների շուրջ:
«Մենք պայմանավորվել ենք, որ մեր ներկայացուցիչները համապատասխան նախաձեռնություններ կիրականացնեն այդ ուղղությամբ։ Հավաստիացնում եմ ձեզ, որ դա դրական արձագանք կունենա մեր քաղաքացիների շրջանում»,-ասել է նախարարը։
Խոսելով ապրանքաշրջանառության մասին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ 2020 թվականին այն նվազել է 9,6 տոկոսով։ Միևնույն ժամանակ այն կազմել է 2,3 մլրդ դոլար, ինչը, ամեն դեպքում, Ս․ Լավրովի խոսքով, շատ պատկառելի ծավալ է:
«Ոչ մի կասկած չկա, որ համաճարակային իրավիճակից դուրս գալու հետ մեկտեղ ապրանքաշրջանառությունը կավելանա, ընդ որում՝ շատ արագ տեմպերով»,- հավաստիացրել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ապրանքաշրջանառության աճի կոնկրետ հարցերով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը՝ փոխվարչապետներ Ա․ Օվերչուկի և Մ․ Գրիգորյանի գլխավորությամբ։ Նրանք պատկերացում ունեն, թե ինչպես պետք է կարգավորեն մեր համագործակցության լրացուցիչ ուղղությունները։ Հնարավորություններ են բացվում նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների եռակողմ խմբի շրջանակներում», – նկատել է Սերգեյ Լավրովը։
Իր հերթին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքները զգալի են եղել ամբողջ աշխարհում․ «Դա ազդել է նաև 2020 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության վրա, որն ընկել է շուրջ 10 տոկոսով։ Կա երկուստեք ցանկություն և նպատակ՝ բացառելու հետագա անկումը»։
Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ նշանակություն է տալիս տնտեսական հարցերի շուրջ դիվանագիտությանը, և այդ առումով, նրա խոսքով, կարևոր դեր ունի ՌԴ հայկական մեծ սփյուռքը, որը երկար ժամանակ ծառայել և ծառայում է որպես երկու ժողովուրդներին կապող կամուրջ: