ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ն իշխող ուժի հետ կոալիցիա կազմի։
Ըստ նրա՝ կոնկրետ ուժեր են այս մասին ապատեղեկատվություն տարածում։ Պատգամավորը, սակայն, փակագծեր չբացեց։
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Արցախը հանձնողի հետ չպետք է գնալ որևէ փոխհամաձայնության։
«Եթե ես մեկնաբանեմ Հովիկ Աղազարյանի հայտարարությունները, ապա ես անմիջապես վայր կդնեմ իմ պատգամավորական մանդատը, քանի որ ինձ համար նվաստացուցիչ է մեկնաբանել այդպիսի կերպարների հայտարարությունները», – ասաց Զոհրաբյանը: Նա հավելեց, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հստակ խոսել էր այդ հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հայտարարությունը կոնկրետ ուժերի կողմից ուղղորդվող ապատեղեկատվություն է։
«Միգուցե դա նրանց ցանկությունն է, բայց այս դեպքում նրանք պարզապես օգտագործել են Հովիկ Աղազարյանին: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ Աղազարյանի ասածն ապատեղեկատվություն է», – ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․