Հայաստանը սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հուշարձանների պահպանության հարցերի շուրջ:
Այս մասին այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Նա նշել է, որ Արցախի հայկական հուշարձանների մասին հարցին անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ առաջիկայում տարածաշրջան կայցելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։
Անդրադառնալով հուշարձանների պահպանությանը՝ Այվազյանը նշել է․ «Պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողները բարձրացրել են հարցը՝ իրենց կոչն ուղղելով Ադրբեջանի իշխանություններին։ Բայց Բաքուն անուշադրության է մատնել այդ կոչը։ Ավելին, Ադրբեջանն իր կոպիտ միջամտությամբ ցույց է տալիս, որ անտեսում է միջազգային հանրության պահանջները։
«Շուշիի եկեղեցին, որը հայկական խոշորագույն եկեղեցիներից մեկն է, պետք է Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ուխտատեղի մնա»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը: