Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և հիմնված են երկու ժողովուրդների ռազմավարական գործընկերության և եղբայրական հարաբերությունների վրա:
Այս մասին մայիսի 6-ին Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են ամրապնդվել՝ կրկին անցնելով ուժի փորձությունը: Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը օգնության ձեռք մեկնեց և օգնեց մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և համաճարակի հետևանքները: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի էական հանդարտեցման», – ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիքն է: Փաշինյանը կարևորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի պայմանների ապահովմանն ուղղված ջանքերը:
Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը:
«Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ կողմերի միջև եռակողմ ձևաչափով կառուցողական երկխոսություն ապահովելու համար: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն նպաստում եռակողմ երկխոսության գործընթացում առաջընթաց գրանցելուն: Բաքուն շահարկում է հայ ռազմագերիների արտահանձնման հարցը, կազմակերպում է հակահայկական վակխանալիա, տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին և այժմ ոչնչացնում է հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։ Այս գործողությունները սրում են իրավիճակը տարածաշրջանում», – շեշտեց Փաշինյանը:
«Այս համատեքստում ես գոհունակությամբ կցանկանայի նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը այսօր առկա հիմնական խնդիրների վերաբերյալ:
«Այս առումով ես ուզում եմ շեշտել մեր դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտության հետ», – ասաց Փաշինյանը: