«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ ապաքաղաքական կառույց է։ Ես վերահաստատում եմ այդ պնդումը, բայց բոլորդ գիտեք, որ ես այսօր զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, գտնվում եմ քաղաքական գործողությունների կիզակետում։
Այս մասին ՀԿ-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Հնարավոր չէր լինի իմ կապն այս կազմակերպության հետ որևէ կերպ չքաղաքականացնել»,- ասաց Վանեցյանը՝ հավաստիացնելով սակայն, որ ՀԿ-ն չի գործելու որւևէ քաղաքական ուժի աջակցելու համար։ Այնտեղ հավաքվել են բանիմաց սպաներ ու գեներալներ, որոնք գործելու են ի շահ պետության։
«Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք»,- այսպիսի բանաձև առաջարկեց Վանեցյանը՝ նշելով, որ որևէ մեկի հակապետական գործողություններն իրենց կազմակերպության կողմից կարժանանան խիստ գնահատանքի և արձագանքի։
Վանեցյանն առաջարկեց խոսել ոչ թե քաղաքականությունից, այլ մեր ժողովիրդի խնդիրների, հետպատերազմական իրավիճակի, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին։
«ԱԱԾ պահեստային սպաների միության» նախագահ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանն իր հերթին նշեց, որ կազմակերպությունը, ի թիվս այլ հարցերի, տեղեկատվություն է հավաքելու մի շարք այլ ֆինանսավորման արտաքին աղբյուրների վերաբերյալ Հայաստանում գործող կառույցների մասին:
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության ծառայության պահեստային սպաների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2021 թվականի ապրիլի 26-ին:
Կազմակերպության հիմնադիրներն են Ազգային անվտանգության ծառայության նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, նա նաև կազմակերպության նախագահն է, Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը և նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Միքայել Համբարձումյանը: