Հայաստանը և ԵԱՀԿ անդամ 10 երկրները միացել են նացիստների դեմ պայքարում զոհվածների պատվին կանգնեցրած հուշարձանները հարգելու մասին հայտարարությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հաղորդում է TACC-ը:
«Մենք ձեզ հորդորում ենք պաշտպանել ռազմական գերեզմանները, հուշահամալիրները, հուշարձանները և տաճարները` ի պատիվ նացիզմի և ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների:
Նման հուշարձանների դեմ վանդալիզմն արդարացում չունի»,- ասված է հայտարարության մեջ:
«Մեր սրբազան պարտականությունն է պաշտպանել և ամուր պահել այդ իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կեղծումը, դրա պատճառներն ու արդյունքները վիրավորում են նացիզմի դեմ պայքարի մարտիկների հիշողությունը և դրա զոհերին՝ նպաստելով ժամանակակից միջազգային հարաբերությունների շահարկմանն ու խարխլմանը:
«Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ազատ, ժողովրդավարական եվրասիական և եվրատլանտյան անվտանգության համայնքի գաղափարին: Մենք հանդես ենք գալիս հանուն հավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ երկխոսության՝ միջազգային անվտանգության և վստահության համակարգն ամրապնդելու համար», – ամփոփել են ԵԱՀԿ մասնակից 11 երկրների մշտական ներկայացուցիչները: