ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տեղեկությունների համաձայն՝ Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի գործողություն են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող տապանաքարերի նկատմամբ: Գործողության արդյունքում վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:
«Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տապանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը: Մենք կարծում ենք, որ սադրիչ այս գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:
Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար: Այս առումով մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նման գործողությունները պետք է համապատասխան կերպով դատապարտվեն՝ նույնի կրկնությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ: