ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղոթւյան օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
Նա մոտեցել է զոհված երիտասարդների շիրիմներին, խոնարհվել և ծաղիկներ դրել:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ն. Փաշինյանը «Եռաբլուր» պանթեոն է այցելել հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում և Արցախում եռատոն է` Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ-ի կազմավորման օրը։ Այս օրը սովորաբար Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ են դնում Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների մոտ։ Արցախյան երկրորդ պատերազմն այս տարի փոխել է տոնի բնույթը: Նշենք նաև, որ Շուշին այս պահի դրությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: