Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում մեկնարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքը: Դաշինքի կազմում են ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:
Իր ելույթի սկզբում ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այսօր դաշինքի ձևավորման մեկնարկն են տալիս:
«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրն ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր ու մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն նման մարտահրավերներ հաղթահարելու համար:
Ինչո ՞ւ ես:
Ես ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակված փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ նաև տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում:
Ինչո ՞ւ ՀՅԴ-ն:
Որովհետև այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ:
Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:
Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտնրոնն է ՀՀ-ի համար: Սյունիքից է կախված մենք գործոն, թե մկցորդ ենք մնալու այս տարածաշրջանում: Այստեղ վտանգները լուրջ են: Սյունիքը մեր այս պահի պայքարի սիմվոլն է»:
Ռ. Քոչարյանը հաջորդ հարցադրումն արեց. «Ինչո՞ւ պետք է այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության խորհրդանիշը, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի ձայնով ու դեմպքով չենք կարող կառուցել մեր երկրի ապագան: Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհերի, 11 հազար վիրավորների ու 35 հազար անօթևան մնացած մեր հայրենկիցների համար: Այս իշխպանությունը բերում է մահ, այս իշխանությունը բերում է տառապանք ու ավերում է այն, ինչին դիպչում է: Դավաճանության ու Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, որքան իշխանության մնան այս մարդիկ: Միայն իշխանափոիւթյունից հետո է հնարավոր հարցերին պատասխանել: Այս իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը, ներդրումները գրեթե զրոյացել են: Այս իշխանության օրոք երեք տարում աճել են միայն աղքատությունն ու գերեզմանների քանակը»:
Ռոբերտ Քոչարյանը մանրամասն ներկայացրեց իրենց ուժի առաջնահերթությունները:
«Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել։ Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում, վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու»,-հավելեց նա: