Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Նրա այցն Ադրբեջան կավարտվի երեքշաբթի, հայտնում է TACC-ը:
Անդրադառնալով այցին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այց կատարեց Երևան, որտեղ հանդիպեց արտգործնախարար Արա Այվազյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Բանակցությունների ընթացքում հայկական կողմը ընդգծել է, որ այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը հայ ռազմագերիների և այլ կալանավորված անձանց հայրենադարձությունն է, և որ այդ խնդիրը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման առանցքային խնդիրներից մեկն է: