Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ: «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Իսրայելի ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ Արևելյան Երուսաղեմում գտնվող «Ալ Աքսա» մզկիթում, ինչպես նաև պաղեստինցիների նկատմամբ բռնության վերաբերյալ:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Երուսաղեմում Իսրայելի գործողությունները կվնասեն ոչ միայն մահմեդականներին, այլև մարդկությանը։ Էրդողանը Երուսաղեմում Իսրայելի գործողությունները «ահաբեկչություն» է որակել՝ վճռականորեն դատապարտելով պաղեստինցիների իրավունքների խախտումները։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ամեն ինչ կանի, որպեսզի ողջ միջազգային հանրությունը, այդ թվում՝ իսլամական երկրները, քայլեր ձեռնարկեն Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացվող ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականության դադարեցման ուղղությամբ: «Թուրքիան այսուհետ ևս կշարունակի կանգնել պաղեստինցի ժողովրդի կողքին և պաշտպանել Երուսաղեմի սրբությունը»,-հավաստիացրել է Թուրքիայի նախագահը:
Նշենք նաև, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Իսրայելի ճնշումները Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների նկատմամբ, այդ թվում՝ գործողությունները «Ալ Աքսա» մզկիթում:
Նշենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ արդեն մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով: