«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, թե «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Սոս Հակոբյանը նշեց, որ դաշինքի ընտրական շտաբի ղեկավարի ընտրության վերաբերյալ առաջիկայում հայտարարություն կտարածեն։
«Քանի դեռ պաշտոնական որոշում չկա, ես չեմ կարող մեկնաբանել։ Օրերս կտեղակացնենք, թե ով է ղեկավարելու դաշինքի նախընտրական շտաբը»,- հավելեց նա։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը ղեկավարի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, քանի որ նրա անունը ևս շրջանառվում է, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակն արձագանքեց նույնկերպ՝ դեռ որոշում չկա։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին են հայտարարել ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։