ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում քվեաթերթիկի նմուշը փոխվում է, այսուհետ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա որևէ նշում չի կատարվելու։ Ընտրողը քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ։ ԿԸՀ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու»,-ասաց նա։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի որոշման նախագիծը։
«Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021թ․մայիսի 26-ը։ Կուսակցություննեը, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկությունից ոչ ուշ, քանի 25 օր առաջ՝ մինչև ժամը 18։00-ն, այն է՝ մինչև 2021թ․ մայիսի 26-ը, մինչև ժամը 18։00-ն։ Կուսակցությունների դաշինքները նշված ժամանակահատվածում իրենց փաստաթղթերի հետ կարող են ներկայացնել հայտեր՝ 5 քառակուսի մետր մակերեսում քարոզչական պաստառներ տեղադրելու համար։ Վերջնաժամկետն է 2021թ-ի մայիսի 5-ը։ Կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է 2021թ․ մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են 2021թ․ մայիսի 31-ին»,-ասաց Մուկուչյանը։
Նա հայտնեց նաև, որ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 7-ից և կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։ Թեկնածուների ինքնաբացարկի դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ն է։