Շատ ծանր ժամանակներ ենք ապրում․ մեր կուսակցությունը պատմության մեջ մնալու է, ցավոք սրտի, ոչ դրական հիշատակումներով, որովհետև մենք պարտության խորհրդանիշ դարձանք։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Կարծում եմ, որ պետք է հասցնենք տալ ամենակարևոր հարցի պատասխանn ա’յս խորհրդարանում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ինքն արդեն մեկ անգամ ԱԺ ամբիոնից դիմել է ՀՀ վարչապետին՝ «Արցախ» նախաձեռնության առաջարկած Արցախի դեօկուպացիայի մասին փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու մասին նախագծի հարցով։ Նա կարծում է, որ հենց այս խորհրդարանն է շրջանառելու այդ փաստաթուղթը, որպեսզի պատմության մեջ չմնա միայն որպես Արցախը հանձնած խորհրդարան։
«Մեր սահմանները շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին եղել են, և այն հախուռն կերպով, ինչպես առաջնագիծը ձևավորվեց․ մենք չունենք խրամատ, մենք չունենք կահավորված առաջնագիծ, մենք չունենք գիշերակացի համար շատ ու շատ պայմաններ։ Երբ ես բարձրաձայնեցի, ինձ համար տարակուսելի էր, որ վարչապետն ասաց՝ գաղտնիք եք բացահայտում։ Ի՞նչ կա գաղտնիքի, եթե մի քանի մետր այն կողմ ադրբեջանցին տեսնում է մեր առաջնագիծը։
Բացի այդ, պատգամավորի խոսքերով, ադրբեջանական դիրքերն ավելի բարձրադիր են ու բարենպաստ։ Այտեղից շատ բան չես թաքցնի։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է մեր առաջնագծում դիրքերի կահավորումն ու բարենորոգումը։
«Հենց առաջնագիծից է սկսվում իմ հայրենիքը»,- ասաց պատգամավորը։