Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առանձնապես որևէ սպասելիք չի ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից, քանի որ, ըստ նրա, Հայաստանն արտաքին քաղաքականության մշակած ծրագիր չունի։
Armenia Today-ի հետ զրույցում նա նկատեց, որ Հայաստանն ընդամենն ադրբեջանական շահերով է առաջնորդվում։ Քաղաքագետի համար անհասկանելի է՝ Հայաստանն այդ ամենը պարտադրվա՞ծ է անում, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ քանի դեռ երկրի ղեկին այս իշխանություններն են, ինքը Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված որևէ փոփոխություն չի սպասում։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու այցով ՌԴ-ի նպատակը տարածաշրջանում կոմունիկացիաների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումն է։ Այսինքն՝ գործարկել հյուսիս- հարավ ճանապարհը, որի աշխատանքը կլինի իրենց վերահսկողության տակ։
«Պաշտոնական Մոսկվան տեսնում է, որ տարածշրջանում լուրջ վերափոխումներ են լինում, մեծանում է Իրանի դերակատարությունը, որն ակտիվորեն համագործակցում է Չինաստանի հետ։ Ուստի, ՌԴ-ն ցանկանում է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնել։ Թուրքիան ևս փորձում է տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերել, և ՌԴ-ն այս իրավիճակում ցանկանում է նախաձեռնությունը բաց չթողնել և առաջինը ստեղծել այն կապերը, որոնք, ըստ էության, կարևոր են թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի համար։ Մոսկվան այս պահին այդ խնդիրն է փորձում լուծել, և ուշադիր հետևում են տարածաշրջանային իրադարձություններին։ ՌԴ-ն, փորձելով կարգավորել ԼՂՀ հակամարտությունը, ցանկանում է իր ազդեցությունը վերահաստատել տարածաշրջանում և այդտեղից դուրս թողնել այն գերտերություններին, որոնց նպատակը Մոսկվային Կովկասից դուրս մղելն է»,- նշեց փորձագետը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում ՌԴ-ն ունի նաև երկրորդ օրակարգը՝ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասաց, որ ՌԴ-ն այս ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում։
Անդրադառնալով այցի շրջանակներում գերիների վերադարձի խնդրին, նա նշեց, որ Լավրովը հայտարարել է, թե Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքական անձանց պետք է վերադարձնել, ի հակակշիռ դրան, հայկական կողմն Ադրբեջանին պետք է տրամադրի ականապատ տարածքների քարտեզները։ Մեր զրուցակցի խոսքով՝ նման հումանիտար հարցերը մշտապես քննարկվում են։ Սակայն, քաղաքագետի համոզմամբ, և՛ ռազմագերիների, և՛ ականապատ տարածքների քարտեզներն ընդամենը փաթեթավորումն են գլոբալ խնդիրների։ Նա գտնում է, որ Լավրովի այցի նպատակը ոչ թե գերիների վերադարձման խնդրի լուծումն է, այլ՝ ապաշրջափակման հարցը։
Փորձագետը նաև մատնանշեց, որ Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադառնալն, ըստ էության, մեսիջ է` ուղղված բոլոր կողմերին, որոնք հետաքրքրված են ապաշրջափակմամբ։
«Տեսեք՝ ի՞նչ է տեղի ունենում․ ՌԴ-ում հասկանում են, որ Զանգեզուրի միջանցք կոչվածը Հայաստանի համար սպառնալիք է։ Եվ սա փորձում են փոխհատուցել իրենց ներկայությամբ՝ ռազմաբազա ստեղծելով նաև Սյունիքում։ ՌԴ-ն փորձում է այնպես անել, որ Ադրբեջանը հայկական կողմի համար վիրավորական հայտարարություն չանի։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերություններում փորձում է բալանս պահել։ Ակնհայտ է, որ դա ՌԴ-ին այդքան էլ չի հաջողվում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 5-6-ը Լավրովն այցելել է Երևան, հանդիպել Հայաստանի ղեկավարությանը։
Մայիսի 10-11-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այց է կատարել Բաքու, որտեղ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։