Ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, ուզում է ականապատ տարածքների քարտեզներն ունենալ, բայց փոխադարձ ոչինչ չանել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նրա կարծիքով՝ հայկական կողմը հերթով ամեն ինչ զիջում է՝ փոխադարձ որևէ պահանջ չներկայացնելով:
«Բանակցությունների արդյունքների հետ մեծ հույսեր չպետք է կապենք և պետք է շատ խիստ մոտենանք այն հարցին, որ ոչ թե քարտեզներ տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչև ռազմագերիների ամբողջ խումբը չվերադառնա, որևէ փաստաթուղթ չտրվի նրանց», – ասաց նա։
Պատգամավորի համոզմամբ՝ թշնամու վրա ճնշում չպետք է գործադրվի, այլ պետք է հստակ պահանջ ներկայացվի՝ հայտարարությունն իրականացվի իր բոլոր կետերով և շատ կարճ ժամանակում: Դրա երաշխիքն, ըստ Սոֆյա Հովսեփյանի, առաջին հերթին ՌԴ-ն է։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ-ն այլևս չունի անվտանգ որևէ տարածք․ Սյունիքում, Վայոց ձորում, Վարդենիսում, Տավուշում։
«Եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, որը բավականին հեռու է Սյունիքի մարզից, ապա սյունեցուն չես կարող խաբել և ասել՝ «դու անվտանգ ես»: Ճիշտ կլինի, որ գոնե ուղղակի լռեն և գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիա տարածեն: Այո, փաստում եմ, որ սյունեցու անվտանգությունն ապահովված չէ, և այդ առումով գրեթե ոչ մի գործողություն էլ արված չէ, և չգիտեմ էլ՝ պլանավորվո՞ւմ է, թե՞ ոչ», – նկատեց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է եկել Սյունիքի մարզում։ Շրջանառվող լուրերով՝ Իշխանասարի ուղղությամբ, իբր, ընթանում էին մարտեր։
ՀՀ ՊՆ-ն, սակայն, հերքեց այս լուրերը՝ պարզաբանելով, որ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ ադրբեջանական կողմը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։