Դուք ձեզ դրեք հակառակորդի տեղը։ Կասեք՝ հրաշալի է, վաղն էլ մի ուրիշ դիրքում կնստեմ, մի ուրիշ մունդռիկ մի բան կտարածի, ու մենք բոլորս կընկնենք ցնցումների մեջ։ ԱԱԾ-ն իր հերթին պետք է որոշի նման ապատեղեկատվության տարածման տրամաբանությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ դա կարդացողներից մեկը կարող է լինել ծառայողներից մեկի ծնողը, կսկսեն բոլորն իրար զանգել, անհանգստանալ։ Ի վերջո՝ պատերազմ է, ձեզ թվում է ավարտվե՞ց․ հրադադար է։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ստորաբաժանումները հատել են Սյունիքի հայկական սահմանը և հասել դեպի Վերիշեն, իսկ Իշխանասարում մարտեր են ընթանում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Ադրբեջանական զորքերը հատեցին Հայաստանի պետական սահմանը Իշխանասար հատվածում և 3 կիլոմետր առաջ շարժվեցին դեպի Վերիշեն բնակավայր: Այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասաց նա:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց Իշխանասար հատվածում դեպի Վերիշեն գյուղ առաջխաղացման մասին տեղեկությունները:
«Մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զորքերը «սահմանները պարզելու» պատրվակով փորձեցին որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:
Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է աշխատանքը: Այս պահին բանակցություններ են տարվում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Իշխանասարի ուղղությամբ մարտերի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակի նման զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ: Մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն հրապարակելուց», – ասված է ՊՆ հայտարարության մեջ: