Այս պահին Սյունիքում Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են։ Երեկ հայկական և ադրբեջանական կողմի բանակցություններն արդյունք չեն տվել։ Իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Սև լիճն ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության ներքո է։
Այսօր ժամը 12։00-ին կրկին բանակցություններ են տեղի ունենալու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Նա հայտնեց, որ հայկական կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը։
«Այս պահի դրությամբ նույն իրավիճակն է: Փոքր տեղաշարժ եղել է թշնամու կողմից՝ մի փոքր հետ են գնացել:
Մենք հույս ունենք, որ հարցը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով։ Սև լճի վերաբերյալ թեմայի մասին բարձրաձայնում են արդեն ամիսներ շարունակ, որ այդ տարածքում մենք չպահպանվող, բաց տարածքներ ունենք, ունենք ջրամբարներ»,- ներկայացրեց փոխքաղաքապետը։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Իսկ ուշ երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Այսօր ևս՝ Կառավարության նիստից հետո, տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Սյունիքում առկա վիճակը քննարկելու համար։