Սա ագրեսիա է Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Երբ մի երկրի տարածք են մտնում մեկ այլ երկրի ԶՈւ-երը և, օրինակ, անկարողության կամ թույլ լինելու պատճառով դիմադրության չեն արժանանում, ագրեսիայի ենթարկված երկիրը միջազգային բոլոր կոնվենցիաներով ՄԱԿ-ի անվտանգություն խորհուրդ դիմելու իրավունք ունի։ Դա պետք է լինի ԱԺ որոշման տեսքով, որտեղ պետք է նշվի ագրեսիայի իրականացման մասին, նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-երը գտնվում են մեր տարածքում։ Բայց մինչև ՄԱԿ-ին դիմելը օրվա իշխանությունը, հաշվի առնելով երեկ ԱԽ նիստում արձանագրված փաստը, պետք է դիմի ՀԱՊԿ քարտուղարություն և ԱԽ նիստում արձանագրված փաստի վերաբերյալ իրազեկի մեր ռազմական դաշնակիցներին, մասնավորապես՝ ՌԴ-ին, ինչը մինչ այս պահը չի արվել»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա մեկ այլ հարցադրում արեց․ «Մեր ԶՈւ-երի ստորաբաժանումները, որոնք այդ տարածքներում պահպանություն էին իրականացնում, ինչո՞ւ զինված դիմադրություն ցույց չեն տվել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն անօրինական կերպով են հատել այն սահման կոչվածը, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո արձանագրված է որպես ՀՀ և Ադրբեջանի սահման։ Կարծում եմ՝ կրակ չբացելու հրաման են ստացել, որից բխող հաջորդ հարցադրումն էլ հետևյալն է՝ ինչո՞ւ է չկրակելու հրաման տրվել»։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ սահմանային միջադեպերն այլ խնդիրներ ևս ի ցույց են դնում։
«Երեկվա դեպքերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում բացակայում է կառավարումը և բացակայում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով։ Երբ Գորիսի քաղաքապետի տեղակալները բարձրաձայնեցին սահմանային դեպքերի մասին, մարզպետի աթոռին նստած անձն ասաց՝ ադրբեջանցիները եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: Մեծ հաշվով, մեր այսօրվա զավեշտն ու ողբերգությունն այն է, որ նման պաշտոնատար անձինք կան։ ԱԱԾ-ն էլ մատ թափ տալու փոխարեն պարտավոր էր ՊՆ-ի ու ԳՇ-ի հետ շատ արագ, իրավիճակի համապարփակ տեղեկություն տալ՝ հանելով այնտեղ առկա ծառայողական, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Պետք է հստակ իրազեկեր ու ասեր, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի հակառակորդն ապատեղեկատվություն տարածելով՝ մեր բնակչության շրջանում խուճապ չառաջացներ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես նշվածի պատասխանատուն եմ եղել, շատ լավ եմ պատկերացնում, որ երբ մեր պաշտոնատար անձինք տեղեկություն չեն տալիս կամ կիսատ պռատ են տալիս, դա նվեր է հակառակորդի համար։ Դա նրանք օգտագործում են մեր բնակչության շրջանում կեղծ լուրերի տարածման համար, որի նպատակը խուճապ տարածելն է։ Ընդհանուր առմամբ, այդ օղակները գործառույթների կատարման մեջ թերանում են»,-ասաց նա։
Նա շեշտեց նաև, որ Փաշինյանի հայտարարությունը ԱԽ նիստում ՀԿ-ի ղեկավարի մակարդակի խոսք էր․ «Մեր երկրի տարածքից կարևորագույն ռազմավարական բարձունքներ են վերցնում, իսկ Փաշինյանը բարոյախրատական դասեր է տալիս Ադրբեջանի ղեկավարությանը։ Իրականում Սյունիքը գրավելու տարբեր գործիքակազմեր կան, որոնցից մեկը բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշման գործադրումն է։ Պատահակա՞ն էր արդյոք Սիսիանում մոտ 300 քաղաքացիների՝ ջրից վարակվելու դեպքը։ Սկզբունքորեն չի բացառվում, որ խմելու ջուրը թունավորված լինի։ Օրվա իշխանությունները նման մարտահրավերները համարժե՞ք են գնահատում։ Վստահաբար կարող եմ ասել, որ անգամ չեն էլ դիմագրավում»։
Նա շեշտեց, որ այսօրվա իշխանության գործողությունները ոչ թե պարզապես վատ կառավարման, այլ ուրիշ տրամաբանության մեջ են տեղավորվում․ «Նրանք թշնամի են և՛ մեր պետականությանը, և՛ մեր ժողովրդին։ Նրանց ամեն ժամ իշխանության ղեկին մնալը մահ է բերում»։