Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ Armenia Today-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։
– Պարո՛ն Հակոբյան, երեկվանից Սյունիքում ստեղծված իրավիճակը չի փոխվել։ Այսօր պետք է բանակցություններ տեղի ունենան։ Ի՞նչ սպասելիքներ կան բանակցություններից, արդյո՞ք բանակցությունների միջոցով հնարավոր է, որ ադրբեջանական ԶՈւ-ն վերադառնա ելման դիրքեր։
– Երեկ ոչ միայն մենք, այլ նաև Գորիսի համայնքապետն ու տեղակալներն ահազանգում էին, որ նման խնդիր կա․ ադրբեջանական ԶՈւ-ն 3-4 կմ խորությամբ մեր տարածք է մտել։ Ներկա իշխանության, այսպես կոչված, ածանցյալներն ու ենթակաները բվաղում էին, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում, քաղաքական դիվիդենտներ են փորձում հավաքել, ասում էին՝ ինչ- որ մի բարձունքի շուրջ է տեղի ունենում ամենը։ Ի՞նչ քաղաքական դիվիդենտների մասին է խոսքը։ 14 ժամ պահանջվեց, այսպես կոչված, երկրի վարչապետին, որ ընկալի խնդիրը, հասկանա և փորձի ինչ-որ քայլեր անել։ Քայլերն էլ անհասկանալի են։ Հետո ինքը, հերքելով իր կուսակիցներին, ասաց, որ կա խնդիր։ Խոստովանեց, որ 4 կմ Ադրբեջանն առաջ է եկել։ Շատ լավ, հասկացանք։ Ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը քայլ չի ձեռնարկում, որպեսզի քրեական գործ հարուցվի՝ ապօրինի ՀՀ պետական սահմանը հատելու փաստով։ Ինչո՞ւ ՀԱՊԿ-ին չեն դիմում։ Չենք ասում՝ ասեն, որ գան օգնեն, այնտեղ այդպիսի խնդիր դեռ չկա, բայց ստեղծված վիճակի մասին պետք է տեղյակ պահել։ Մեր երկրի սահմանը լկտիորեն խախտվել է։ Այս քայլերն ինչո՞ւ չեն արվում։
Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։ Ասում են՝ թող իրենց Բաքվից հետ քաշվելու հրաման տան, հակառակ դեպքում, չեն գնում։
Հիմա Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում։ Սպասե՞լ։ Այդպես չի լինի, որովհետև այդ զորքն այնտեղ ամրապնդվում է, վրաններ են խփում։ Իմ կարծիքով՝ երկու տարբերակ կա․ սահմանախախտներին կա՛մ փորձել գերեվարել, կամ ոչնչացնել։
-Նրանց ոչնչացնելու դեպքում արդյո՞ք նոր պատերազմ չի հրահրվի։
-Չեմ կարող ասել։ Կան ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է միջամտեն այդ դեպքում։ Ինձ համար անհասկանալի է, և շատ պրովոկացիայի հիմքեր եմ ես այստեղ տեսնում։
–Ո՞ւմ կողմից։
-Չեմ զարմանա, որ նույն Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն ունենա, որպեսզի լարեն իրավիճակը՝ կոնֆլիկտ հրահրելով, որպեսզի չեղարկեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այդկերպ ցանկանում են ռազմական դրություն մտցնել երկրում, և այդ ժամանակ էլ ի՞նչ ընտրություն։ Երկրի նախագահն է լռում, ինչո՞ւ է լռում։
–Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Սյունիքում իրավիճակը ճգնաժամային է։ Դուք էլ նշեցիք, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին։ Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ն պե՞տք է ՀԱՊԿ-ին դիմի։
-Առնվազն երեկ պետք է տեղյակ պահեին Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին։
-Իսկ ինչո՞ւ չեն դիմում։
-Որովհետև գործ ունենք անլոգիկա մարդկանց հետ, բացարձակ իմպոտենտներ են։ Նույն այդ Անվտանգության խորհուրդը իմպոտենտների հավաքածու է։
-Պարո՛ն Հակոբյան, Սյունիքում տեղի ունեցածի մասին առաջիններից մեկը դուք բարձրաձայնեցիք։ Իշխանական կողմից ձեզ մեղադրեցին խուճապ տարածելու համար։ Ինչպե՞ս կարձագանքեք ձեր հասցեին հնչած մեղադրանքներին։
-Իմ տեղը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց։ Մարզպետն ասաց, որ մոլորվել են, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մի փոքր սար է, հետ կբերենք։ Իրենց հոգևոր հայր Նիկոլ Փաշինյանը հերքեց և ասաց, որ կան խնդիրներ։ Ի՞նչ խուճապի մասին է խոսքը։ Իրենց ածանցյալներից մեկը Սիսիան քաղաքում ման է գալիս և ասում՝ այստեղ ռազմական գործողություն չկա։ Տղա ջան, ո՞վ է ասում, որ Սիսիան են մտել, խոսքը սահմանային վիճակի մասին է։
-Ըստ Ձեզ, Ադրբեջանի այս ագրեսիան ի՞նչ նպատակ ունի, արդյո՞ք Ադրբեջանը փորձում է գերիշխող դիրքեր զբաղեցնել Սյունիքում՝ Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչելու համար։
-100 տարի է՝ թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են այդ միջանցքը վերցնել։ Եթե նկատել եք՝ Սև լճի հատվածն ամենանեղ հատվածն է, և, եթե այդտեղից կտրում են, ընկնում ենք շրջափակման մեջ։
Երկրորդ՝ ինչպես արդեն նշեցի, չեմ բացառում, որ սա հանցավոր համաձայնություն է ադրբեջանակա-թուրքական ուժերի հետ՝ չեղարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ակնհայտ է, որ իշխանությունը չի վերարտադրվելու։ Իմ կարծիքով՝ մեր հանրության մեծ մասը դա տեսնում է։ Վերարտադրվելու դեպքում մենք ընդունում ենք այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանն այս երեք տարիներին մեր գլխին արել է։ Մեզ ընդհանրապես բանի տեղ չեն դնում միջազգային որևէ հարթակում։
–Իսկ այս դեպքում Սյունիքում ստեղծված իրավիճակի լուծումը ո՞րը պետք է լինի։
– Ես կարծում եմ՝ ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով շատ արագ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս շպրտվեն մեր սահմաններից։ Այլ տարբերակ չկա։
-Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Սյունիքում իրավիճակը ճգնաժամային է։ Դուք էլ նշեցիք, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին։ Ի՞նչ եք կարծում, ժամանա՞կն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմի։
– Հայաստան դաշինքն իշխանության գալու դեպքում խոստանում է երկրում արժանապատիվ խաղաղություն հաստատել։
–Եթե գաք իշխանության, ինչպե՞ս եք սյունեցու, Սյունիքի մարզի անվտանգությունն ապահովելու։
-Մենք այսօր ի վիճակի չենք պատերազմ սկսել, ընդ որում՝ ինչ- որ բաներ հետ բերել։ Ռոբերտ Քոչարյանն, օգտագործելով իր փորձը, իր կապերը, և մենք համատեղ ուժերով կարող ենք անել առավելագույնը։ Ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում, բայց ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի վաղը սյունեցին և Սյունիք այցելող որևէ քաղաքացի, առնվազն ադրբեջանական դրոշ չտեսնի։
-Ի՞նչ եք անելու, Ալիևի առջև ի՞նչ պայման եք դնելու։
-Մենք ունենք դաշնակից Ռուսաստան, որի պոտենցիալը պետք է օգտագործվի ամբողջովին։
-Չի՞ օգտագործում․․․․
-Այսօր ինչ պոպոք ուզում են, կոտրում են Նիկոլի գլխին ադրբեջանիցներն էլ, թուրքերն էլ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մեր դաշինքն իշխանության գալու դեպքում դառնալու ենք Ռուսաստանի սուբյեկտ, չարաչար սխալվում է։ Մենք պետք է Ռուսաստանի հետ խոսենք հավասարը հավասարի հետ դիրքերից։
Մանրամասները՝ տեսնայութում․