Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
Այս մասին մայիսի 13-ին իր ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը ներկայումս նախագահում է Տաջիկստանի Հանրապետությունը:
Ակնկալվում է, որ հանդիպմանը կարծիքներ կփոխանակվեն միջազգային իրավիճակի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Պատվիրակությունների ղեկավարները պետք է հաստատեն որոշումներ, որոնք այնուհետև քննարկման կներկայացվեն Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նստաշրջանում:
Նախատեսվում է ընդունել մի շարք համատեղ հայտարարություններ միջազգային օրակարգի արդիական թեմաների, ինչպես նաև շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության վերաբերյալ: