«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:
Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանցիները զավթում են ՀՀ պետական տարածքները, իսկ իշխանությունն իր դիրքերն է ամրացնում։ Նախօրեին, երբ սյունեցիներն ահազանգում էին Իշխանասարի դեպքերի մասին, Սյունիքի մարզպետը Տաթեւում համայնքապետի 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն էր նշանակում․ Արթուր Մաթեւոսյանն անցած տարիներին մի քանի անգամ համայնքապետի ընտրություններում առաջադրվել է եւ միշտ պարտվել։
Այսօր նա իշխանության հետ է, իսկ ընտրություններին ընդառաջ, խնդիր են դրել Սյունիքում ամրապնդել իրենց դիրքերը։ ԺՊ-ն նշանակվելու առաջին իսկ պահից աշխատակազմին գուժել է, որ կադրային զտումներ է սկսում, ինքն է որոշելու՝ ում հետ աշխատի, ում հետ՝ ոչ։ Եվ առաջին դիմումը հորդորել է գրել նախկին համայնքապետի խորհրդական, համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու 23-ամյա Մարի Թեւոսյանին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար անցանկալի համայնքներից մեկի՝ Վանաձորի քաղաքապետարանը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պալատն ուսումնասիրել է հիմնականում քաղաքապետարանի՝ 2019թ. ֆինանսական գործունեությունը: Հիշեցնենք, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համարվում է իշխանությունների համար ոչ վստահելի համայնքապետ, եւ ՀՊ-ն պարզել է, որ ղազախներն ու ռուսները դեռեւս 2019թ. գույքահարկի գծով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանի նկատմամբ եւ մինչ օրս չեն մարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված: Տեղեկացանք, որ Սեւ լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, եւ մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում, քանի որ բանակի հետ հույսեր չեն կապում։
Սակայն պարզվում է՝ մարզային իշխանություններին դեռեւս մեկ շաբաթ առաջ են տեղեկացրել լճի տարածքում հակառակորդի շարժի մասին, անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ լճի հատվածից արված տեսանյութն էր շրջանառվել համացանցում։ Մինչդեռ Սյունիքի մարզպետարանն իր պաշտոնական էջով խրոխտ հերքում էր տարածել եւ «վստահեցրել», որ իրավիճակը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք»-ՀՀԿ-ի ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր, կարելի է ասել՝ վճռական եւ պայքարող կանանցով։ Երեկ «Հայրենիք» կուսակցությանն անդամակցելու եւ դաշինքի ցուցակում հայտնվելու մասին հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։
Մեր տեղեկություններով, շուտով այս ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որը երկու օր առաջ հայտարարեց, որ ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ դրանից առաջ դիմել էր դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին անդամակցությունը դադարեցնելու պահանջով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինվորական քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քննվում է մեկ քրեական գործ, որի շրջանակներում էլ հենց Վաղինակ Սարգսյանին հրավիրել են հարցաքննության: Իսկ թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում են Վաղինակ Սարգսյանին հրավիրել հարցաքննության, «Ժողովուրդ» օրաթերթին պարզել դեռեւս չհաջողվեց»: