Սյունիքում իրավիճակը նույնն է։ Ադրբեջանցիների հետ բանակցություններն արդյունք չեն տվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Ադրբեջանցիները դեռ նույն տեղում են, չեն պատրաստվում նահանջել»,- ասաց նա։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս տեղեկացրեց, որ մարզում իրավիճակը չի փոխվել։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Երեկ ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ն Սյունքիում ստեղծված իրավիճակով պայմանավորված դիմել է ՀԱՊԿ-ին։