Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս փուլում դեռ արդյունք չունենք։ Այս մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Նա համոզված է, որ այս կամ այն կերպ կարողանալու ենք հանգուցալուծման հասնել։
«Ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը։ Մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել իրավիճակը։ Պատրաստ ենք հանգիստ և հանդարտ քննարկումներ իրականացնել»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումների ու նաև պատրաստ լինել մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։
Նա նշեց, որ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։
Փոխվարչապետի պաշտոնակատարը միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ վատ սցենարներ չենք ունենա այստեղ ու բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն։
Նա ասաց, որ ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են ու որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Կարելի է ասել այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին ու երեկվա ԱԽ նիստն ու մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է։ Ճգնաժամի կառավարման հիմքով են դիմել ՀԱՊԿ՝ հետագա հնարավոր զարգացումից խուսափելու համար»,- նշեց նա։
Ավինյանի գնահատմամբ՝ մինչ այս պահը մեր գործողություններում եղել ենք համարժեք։
Փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ, Սյունիքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մեկնել է այնտեղ։