ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև:
5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին հայտարարություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Թեմայի մասին Armenia Today-ը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ Հարցին, թե Երևանի քաղաքապետը արդեն հրամայե՞լ է հեռացնել գովազդային վահանակները՝ մինչև քարոզարշավի սկիզբը, Կարապետյանն ասաց, որ դեռևս տեղյակ չէ ԿԸՀ-ի հայտարարության մասին, սակայն շտապեց տեղեկացնել, որ Երևանում միայն «Իմ քայլի» «Ապագա կա՛» գրառմամբ պաստառները չեն, այնտեղ են նաև ԼՀԿ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պաստառները։ Խոստացավ տեղեկություն ստանալ քաղաքապետից ու կապվել մեզ հետ։
Ավելի ուշ Հակոբ Կարապետյանն Armenia Today-ի հետ կապ հաստատելով ասաց, որ բառացիորեն րոպեներ առաջ է Երևանի քաղաքապետարանը ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրությունը։
«Մեր համապատասխան ստորաբաժանումները կուսումնասիրեն գրությունն ու դրանից բխող համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասաց Կարապետյանը։
Նշենք, որ խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրերում, օրինակ՝ Օպերային հարող տարածքում, կախված է 5 քառակուսի մետրը գերազանցող «Իմ քայլի» պաստառ։