Հայաստանը պաշտոնապես դիմելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործողնախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին : Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
« Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ խորհրդակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին», – ասել է նա:
Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ: «Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ», – ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: