Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին դաս տա Պաղեստինի վրա իր հարձակումների կապակցությամբ:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, մենք քննարկել ենք Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները և Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները։ Ես նշել եմ, որ Թուրքիան առավել կոշտ է արձագանքում Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումներին և շարունակում է դա անել, ինչպես նաև ընդգծել եմ, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ուժեղ և զսպող դաս տա այդ անխոհեմ հարձակումների դեմ», – գրել է Էրդողանն իր Telegram-ալիքում։
Էրդողանն ընդգծել է նաև Պաղեստինի հարցում իսլամական երկրների ջանքերի միավորման անհրաժեշտությունը։
Իսրայելի և Պաղեստինի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Մայիսի 16-ի տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 2900 հրթիռ: Վերջին տեղեկությունների համաձայն ՝ Իսրայելում 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։
Իսրայելը, ի պատասխան, հարյուրավոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 181-ի, զոհերի թվում 52 երեխա կա: