Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները:
«Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը:
Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի:
«Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը: