Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները, այսօր ՝ մայիսի 17-ին, Կիևում երեք երկրների արտգործնախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել եվրոպական ինտեգրման և տարածաշրջանային անվտանգության ճանապարհին համագործակցության վերաբերյալ. գրում է Eadaily-ն:
Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները «ԵՄ-ին ինտեգրվելու այլընտրանք չունեն»:
Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ «ընդլայնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ին ինտեգրվելու համար և այդ հարցում առաջընթաց գրանցել»:
Մոլդովայի ԱԳՆ ղեկավարն էլ վստահ է, որ հուշագիրը երեք երկրներին կօգնի հասնել հաջորդ տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու նպատակին:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Արդեն սկսվել են խորհրդակցությունները երեք պետությունների լիազոր ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: