ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր Փաշինյան-Սալիվան հեռախոսազրույցի մասին։
Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում հաստատելու խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն:
«Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության դեպքի առթիվ և շեշտել, որ ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումները և երկու առաջնորդների հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի խորհրդականը անհրաժեշտ է համարել երկու երկրների կողմից միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկում իրականացնելը: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում խորհրդական Սալիվանը բարձր էր գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը: Ամերիկյան կողմն իր մտահոգությունն էր հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: