ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը:
Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:
Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին:
Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար:
Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ՝ այդ թվում Հայաստանի ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, անվճար կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:
Հայաստանի պատմության թանգարանն, օրինակ, 20:00-ին անիմացիոն հոլովակի առաջնախաղ կցուցադրի «Քարաշամբի գավաթը. Պատմության քառասունդարյա վկան» վերտառությամբ առցանց ցուցադրություն կունենա, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանում նույն ժամին կցուցադրվի ցուցահանդես-միջոցառում «44 օր ……» վերտառությամբ, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը 16։00-ին կցուցադրի «Արցախյան ազգագրություն», իսկ Ստեփանակերտի պատկերասրահը «Ես եղել եմ Շուշիի թանգարաններում» լուսանկարչության ցուցահանդեսը։
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է ամբողջ աշխարհում 1977 թվականից։ Որոշումն ընդունվել է ICOM-ի 11-րդ գլխավոր համաժողովում, որն անցկացվեց Մոսկվայում և Լենինգրադում: