Սյունիքում ստեղծված իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։
-Պարո՛ն Շարմազանով, այսօր ևս Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված բանակցությունները շարունակվելու են։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը։
-Երկրում ստեղծվել է անկումային իրավիճակ, և այս վիճակը բնորոշ է այն երկրներին, որոնք չունեն իշխանություն։ Ցավոք սրտի, մենք չունենք իշխանություն, պետական կառույցներ, որոնք կպահպանեն մեր սրբության սրբոցը՝ ՀՀ պետական սահմանները։ Միայն այն փաստը, որ մեր իշխանությունները դիմում են ՀԱՊԿ-ին, տարօրինակ է, քանի որ դու գոնե օդ չես կրակում, ոչ մի քայլ չես ձեռնարկում և դիմում ես ՀԱՊԿ-ին։ Եթե մեր փոխարեն ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն, Ղազախստանը պետք է քայլեր կատարեն, ուրեմն, ինչո՞ւ ենք վարչապետ պահում, Կառավարություն, ԶՈւ։ Այն թիկնազորը, որ շրջում է վարչապետի հետ, ավելի օգուտ կտար, եթե պահպաներ ՀՀ-ի սահմանները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է օգտվեն այս «նվերից»։ Այսօրվա իշխանությունները «նվեր» են Թուրքիայի և Ադրբեջանի համար, որովհետև ունեն ինքնիշխանության և իմունիտետի զրո աստիճան։
Խնդիրը մեր իշխանության մեջ է։ Մենք չունենք իշխանություն, որևէ մեկը, որը կարող է սպասարկել պետության շահը։ 5 օրում 7 անգամ Անվտանգության խորհրդի նիստ են անում, բացի զազրախոսելուց ի՞նչ եք լսում։
-Փաստորեն, ճիշտ չե՞ք համարում, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին։
-Ես ճիշտ եմ համարում, որ ՀՀ-ն նախ իր սահմանները պաշտպանի։ Օգնում են նրան, ով պաշտպանվում է։ Դու նույնիսկ օդ չես կրակել և դիմում ես ՀԱՊԿ-ի՞ն։
-Այդպես պատերազմ չէ՞ր հրահրվի։
-Ոչ, համամիտ չեմ, ինչու հիմա պատերազմ չի՞ հրահրվում, եթե Ադրբեջանն ուզի։ Կանգնենք, ասենք՝ պատերազմ կհրահրվի, թող թուրքերը քայլելով գան Երևա՞ն։ Պետության պարտականությունն է պահպանել երկրի անվտանգությունը։ Քանի այս իշխանությունը երկրի ղեկին է, մեր անվտանգությունը վտանգված է։
-Անդրադառնանք նաև ընտրություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու։ Ի՞նչ եք կարծում՝ հասարակությունը կընտրի՞ մերժված կուսակցությանը։
– Մերժվածը հողատուն է։ 2018 թվականին 60 000 ձայն ենք հավաքել։ Մենք Շուշին պահել ենք։ 2016 թվականին պատերազմ է եղել, և մենք հաղթել ենք։ Մենք Փաշինյանին ժառանգություն ենք թողել երկու հայկական պետություն, այդ թվում՝ հայկական Շուշի, Հադրութ, 5000 հայ երիտասարդներ։ Ինքն իր հաջորդին թողնելու է 75 տոկոս կորցրած Արցախ, 5000 զոհ, 10 000-ից ավելի վիրավոր, Սոթքի միայն մի մասը, Շուռնուխի մի մասը։ Հիմա ո՞վ է մերժվածը։ Պատմություն մեջ Լևոն Տեր- Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մնալու են որպես Ադրբեջանին հաղթած և հող պահած նախագահներ։
Մանրամասները՝ տեսանյութում․