Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների:
«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝ հայտարարել է խոսնակը:
Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել է խոսնակը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականների ներխուժումը որակել է որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: