ՀՀ առաջին նախագահը լուրջ վերլուծություններ պիտի աներ ոչ թե հիմա, այլ մոտ 25 տարի առաջ և իշխանությունը «խիզախաբար» չհանձներ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման պատասխան տվեց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նրանց այն դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առավել վտանգավոր է համարում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, քան Ադրբեջանից եկող սպառնալիքները։
Հակոբյանին զարմացնում է Առաջին նախագահի այն հայտարարությունը, որ նա առաջարկել է դաշինք կազմել մի ուժի, որին տարիներ շարունակ համարել է ավազակապետություն կամ թաթար-մոնղոլներ։ Իմքայլականը կրկին նկատեց, որ պատերազմը վաղ թե ուշ պիտի լիներ, և մինչ Ադրբեջանը մինչև ատամները զինվում էր, Հայաստանի իշխանությունները թալանում էին երկիրը, ուտում զինվորի փողը։ Իսկ պատերազմն սկսվեց հիմա, որովհետև նախկինները գնում խոստանում էին, որ հեսա-հեսա հողերը հետ կտան, գալիս էին Հայաստան, ասում էին՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Նույն այդ մարդիկ մեկ Փաշինյանին մեղադրում են «ոչմիթիզական» լինելու համար, մեկ մեղադրում են հողերը տալու մեջ։
Հրաչյա Հակոբյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին և հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի ու պատերազմին չի հասնի։