«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ լարված: Քաղաքական հիմնական ուժերը սկսել են դիրքավորվել ու հնարավորինս ամրացնել իրենց ցուցակներն ու թիմերը: Բանը հասել է նրան, որ ընդդիմադիրները փորձում են լեզու գտնել «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամների հետ, որոնք, ըստ որոշ սոցհարցումների, համեմատաբար բարձր վարկանիշ ունեն իրենց տարածքներում, սակայն չեն ցանկանում նորից մտնել ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ։ Այսինքն, պետք է որեւէ կուսակցության կամ դաշինքի կազմում հանդես գան»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ մեր ներքաղաքական դաշտը ողջ ներուժով պատրաստվում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, արտաքին անվտանգային մարտահրավերները առավել մեծ թափով են գլուխ բարձրացնում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ գործելակերպին և Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին։ Ադրբեջանական պլանը պարզ է՝ իրավիճակը հասցնել ռազմական էսկալացիայի ու հիմքեր ստեղծել, որոնք իրեն թույլ կտան ներխուժել Սյունիքի խորքերը ու այդպիսով պարտադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը։ Սա՝ մեղմ ասած: Հենց դրանով է պայմանավորված, որ պաշտոնական Բաքուն անցել է ուժի բացահայտ ցուցադրության»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում որոշել էին նախընտրական ցուցակը գաղտնազերծել մայիսի 25-ին՝ ԿԸՀ ներկայացնելու նախորդ օրը, սակայն թիմում տիրող ինտրիգային վիճակը ստիպել է, որ առաջին 3 անունները հրապարակեն՝ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ ԲՀԿ կանայք շոկի մեջ են, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանը, ում անունը կարող է առհասարակ չլինել ցանկում։ Զոհրաբյանից բացի, ցուցակում թերեւս չի լինի նաեւ Ծառուկյանի ամենամոտ ընկերը, նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլեւս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որեւէ տեղեկություն իմանալ եւ մշտապես՝ ճիշտ ու հստակ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավարտին է մոտենում միավորվելու, դաշինքներ կազմելու շրջանը, մտնում ենք պառակտվելու, բաժանվելու փուլ։ Ինչպեսեւ կանխատեսել էինք՝ նախընտրական ցուցակների կազմման փուլում դաշնակիցներն ու կուսակիցները սկսում են խռովել միմյանցից եւ հեռանալ։ Գրեթե ավարտուն տեսք է ստանում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը։ «Հայրենիք» կուսակցության անդամները զարմանքով տեղեկացել են, որ իրենք ցուցակի առաջին երկու տասնյակում չկան։ Ցուցակի առաջին մասը կազմվել է Սերժ Սարգսյանի եւ Իշխան Զաքարյանի կողմից։ Թեեւ նախապես Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը չի լինելու ցուցակում, եւ ցուցակը կազմելու է Արթուր Վանեցյանը, բայց դանդաղ եւ հուշիկ քայլերով նա գործընթացը վերցրել է իր ձեռքը։ Նախ որոշվել է, որ ցուցակը բաշխվելու է համամասնաբար՝ 5 հոգի Վանեցյանի թիմից, 5-ը՝ ՀՀԿ-ից»։