Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով երեկվանից շրջանառվող Փաստաթղթին։
Նա վստահեցրեց, որ Փաստաթուղթը ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովին չի ներկայացվել:
«Դա առաջարկ է, և վարչապետի պաշտոնակատարը խոսել է այդ առաջարկի մասին։ Կարծում եմ՝ առաջիկայում տեղեկատվություն կտրամադրվի։ Աշխատանքային քննարկում կլինի։ Առաջիկայում կծանոթանամ փաստաթղթին։ Պետք է ծանոթանամ նաև վարչապետի պաշտոնակատարի ասածներին։ Ըստ Սահմանադրության՝ ՀՀ տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի: Իսկ ՀՀ տարածքներին վերաբերող որևէ խնդիր չի կարող լինել:
Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց, չգիտես ինչու, տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որտեղ իր համար հնչեցնելը շահեկան է: Այն մասը, որ արժեր, չգիտես ինչի, ինքը ծածկում է: Գտեք մեր սիրելի փեսային և նրան հարցրեք»,- ասաց իշխանական պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանը համամիտ չէ այն տեսակետների հետ, թե ժողովրդի թիկունքում Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում է։
«Եթե գաղտնիություն լիներ, ապա վարչապետի պաշտոնակատարն այս մասին կառավարության նիստին չէր հնչեցնի»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ նախնական համաձայնեցված են, հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում․