ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ կապված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ։
«Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը: Այս պահին ընթացքի մեջ են նախագծի մշակման աշխատանքները: ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկի ընդունման դեպքում այսօր երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ կկայանա»,-գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ԱԺ հատուկ նիստ հրավիրելու նախաձեռնության մասին։
Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։
Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա մասնավորապես նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։