ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ճեպազրույց է տվել Սյունիք կատարած այսօրվա այցից հետո։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանն այսօր Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Անդրեա Վիկտորինը նշել է, որ այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է և իրադարձություններին տեղում ծանոթանալը։
«Եվրամիությունը ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության օգտին»,-լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Սյունիքում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն անդրադարձել է շրջանառվող փաստաթղթին, որի առկայությունը չի հերքել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել է դրա հնարավոր ստորագրման մասին։
Ճեպազրույցի ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն փաստաթղթից որևէ տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։
Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։ Մ․ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը «հրաժարվել է այդ փաստաթղթի հետ որևէ առնչություն ունենալ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան»:
Մանրամասները՝ տեսանյութում․