Լուրեր են շրջանառվում, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ամենավերջում է իմացել երրորդ փաստաթղթի առկայության մասին և հայտարարել է հրաժարական ներկայացնելու մտադրության մասին։
Արա Այվազյանի հրաժարականի մտադրության մասին լուրը փորձեցինք ճշտել ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանից։ Վերջինս Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ճանապարհին են, և խնդրեց ավելի ուշ կապ հաստատել։ Մեր զանգերը մինչ այս պահն անպատասխան են մնացել։
Իսկ նախագահականից Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմում չեն ստացել։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։
Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։ Մ․ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը «հրաժարվել է այդ փաստաթղթի հետ որևէ առնչություն ունենալ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան»: