Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը РВК-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի Սյունիքի մարզում տիրող իրավիճակը և խոսել սահմանազատման մասին փաստաթղթից, որը երեկ հրապարակել են հայկական լրատվամիջոցները:
Նա հայտնել է, որ Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրբեջանի զինված ուժերը ամբողջովին չեն լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը, բայց հանրապետության զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Փաստաթղթի հետ կապված Գրիգորյանը նշել է, որ խոսքը միայն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով երեք առանձին ազգային պատվիրակությունների ստեղծման, դրանց կազմի և առաջիկա հանդիպման ամսաթվի մասին է:
«Փաստաթղթում ընդգծվում է, որ դրանում ամրագրված բոլոր հարցերի լուծումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, չի պարունակում բառեր «վիճելի տարածքների» կամ Հայաստանի կողմից որևէ տարածք փոխանցելու մասին»,- ասել է Գրիգորյանը:
Հայկական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման տարբեր հնարավորություններ և սցենարներ: «Հայաստանի Հանրապետությունը իրադարձությունների ցանկացած զարգացման մեջ կգտնի համարժեք և միևնույն ժամանակ հավասարակշռված և պատասխանատու որոշումներ»:
Ադրբեջանի ոտնձգությունները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածների նկատմամբ Հայաստանը գնահատում է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները տորպեդահարելու փորձ:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման և կարգավորման համար ոչ բոլոր մեխանիզմներն են ներգրավված, ոչ բոլոր հնարավորություններն են սպառված: Գործընթացը շարունակվում է:
«Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է ԱԽ քարտուղարը: