Քննարկվում է Հայաստանի և Ղրղզստանի տարածքներում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Գիտեք, որ մեզ հաջողվեց արագ ստեղծել կորոնավիրուսի դեմ մեր երեք շատ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերը, իսկ չորրորդ պատվաստանյութը՝ Sputnik Light-ը, շուտով շրջանառության մեջ կդրվի»,- ասաց Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունում պատվաստումներն ակտիվորեն շարունակվում են։
«Sputnik V-ի արտադրությունը հաջողվել է ինչպես Ղազախստանում, այնպես էլ Բելառուսում: Այժմ դիտարկվում է Հայաստանում և Ղրղզստանում նման արտադրական օբյեկտների տեղակայման հնարավորությունը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, մեջբերում է TACC-ը: