ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել․
«Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։
Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով:
Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ: