Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր Արա Աբրահամյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին:
Խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի, արտահերթ ընտրությունների և այլ արդի հարցերի շուրջ՝ նա կոչ է արել բոլոր առողջ ուժերին միավորվել հանուն հայրենիքի փրկության:
Հարցին, թե ինչու է նա մասնակցում Հայաստանի քաղաքական գործընթացներին, եթե չի հավակնում պետական պաշտոնների, Արա Աբրահամյանը պատասխանել է. «Որովհետեւ դա իմ խղճի հրամայականն է։ Ցավոք, այդ հասկացությունն այսօր լղոզված է հասարակական գիտակցության մեջ։ Բայց հենց խիղճն է ինձ այսօր բերել Հայաստան»:
Նա նշել է, որ մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում, ինչը բառերով նկարագրել հնարավոր չէ:
Նա կառավարման խնդիրներից առանձնացրել է հատկապես արտաքին քաղաքականության բացակայությունը. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը: Մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է փոխշահավետ հարաբերություններ ունենանք մեծ ու փոքր երկրների հետ»: