Եթե ենթադրյալ ստորագրվելիք փաստաթուղթը համացանցում չհրապարակվեր, ապա հասարակությունը դրա մասին կիմանար պոստֆակտում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Ըստ նրա՝ անկլավների հանձնման դեպքում ավելի է խորանալու այն աղետը, որում մենք հիմա գտնվում ենք։
«Ադրբեջանը շտապում է, որովհետև հասկանում է՝ ներկա իշխանություններին զիջումներ պարտադրելով, կարող է իր ուզածն ստանալ։ Այն իրավիճակը, որ ստեղծվել է Սյունիքում և Գեղարքունիքում, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը շտապում է, քանի որ մեր երկրում ընտրություններ են լինելու։ Ադրբեջանը վստահություն չունի, որ իր գործընկեր իշխանությունը Հայաստանում կկարողանա պահպանել դիրքերը, իսկ հաջորդ իշխանության հետ այդ հարցով հեշտ չի լինի բանակցելը»,- նշեց փորձագետը և ընդգծեց, որ անկլավների հարցը ադրբեջանական օրակարգի ընդամենը 10 տոկոսն է կազմում։
Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ այս պահին սահմանազատման աշխատանքներ չպետք է տեղի ունենան։
«Փաստացի ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն տեսքով, ինչ այսօր կա, դա մեզ համար անընդունելի է։ Սա նշանակում է, որ մենք խաչ ենք քաշում մեր ապագա պլանների վրա։ Օրինակ, եթե անկլավների վերադարձի հարց լինի, ապա սխալ կլինի Արծվաշենը փոխանակել մնացած անկլավների հետ։ Դա համարժեք փոխանակում չէ։ Ցանկացած քայլ փաստաթղթի ստորագրման ուղղությամբ խորացնելու է մեր անվտանգության խնդիրները»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․